From Ararat to Zion - Արտադրող անձնակազմը
English Հայերեն
Արտադրող անձնակազմը

 

Տէր Մեսրոպ քահանայ Արամեանը (սցենարի հեղինակ եւ պրոդիւսեր) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայ է, աստուածաբան, գիտնական եւ թարգմանիչ: Նա հիմնադիրն ու տնօրէնն է «Գանձասար» աստուածաբանական կենտրոնի, որը Հայաստանի առաջատար հետազօտական-հրատարակչական կենտրոններից է եւ իրականացնում է հոգեւոր, մշակութային, պատմական ու կրթական գործունէութիւն: Տէր Մեսրոպը նաեւ հիմնադիրն ու տնօրէնն է Երեւանում գործող «Վէմ» FM ռադիոկայեանի, որը հեռարձակում է հոգեւոր, մշակութային, կրթական հաղորդաշարեր եւ դասական երաժշտութիւն: Տէր Մեսրոպի ջանքերով հիմնադրուել է «Վէմ մեդիա արուեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը թողարկել է հեռուստատեսային հաղորդաշարեր եւ 12 փաստագրական ֆիլմ, որոնք հիմնականում նուիրուած են բնապահպանական խնդիրներին: Մի խումբ ընկերների հետ համատեղ` տ. Մեսրոպ քհն. Արամեանը հիմնել է «Այբ» կրթական հիմնադրամը, որն այսօր Հայաստանի կրթական ոլորտի գլխաւոր դերակատարներից է: Տէր Մեսրոպը հեղինակել է մի քանի գրքեր, բազմաթիւ յօդուածներ, հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներ, կրթական ծրագրեր ու նախագծեր:

 

                                                                                               * * *

 

Էդգար Բաղդասարեանի (ռեժիսոր) դեբիւտային ֆիլմը` «Խաղերը» (1990), լաւագոյն կարճամետրաժ կինոնկար է ճանաչուել դեբիւտային կինոյի մի շարք փառատօներում, օրինակ` Կլերմոն-ֆերրանում (Ֆրանսիա) եւ Ռիգայում (Լատվիա): Նրա «Սեւ պատեր» (յայտնի է նաեւ «Արտահոսք» անուանումով) լիամետրաժ, սեւ-սպիտակ կինոնկարը (1997) Հայաստանում անցկացուած «Մասնաւոր հայեացք» կինոփառատօնում գլխաւոր մրցանակը` «Գրան-պրի»-ն, կիսեց ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ, ստացաւ ժիւրիի յատուկ մրցանակ Վառնայի (Բուլղարիա) միջազգային կինոփառատօնում, ինչպէս նաեւ` ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ` Կոտբուսի (Գերմանիա) միջազգային կինոփառատօնում: Ռեժիսորի «Սուրբ ծէսերի երկիրը» (2001) լիամետրաժ վաւերագրական ֆիլմը ներկայացուել է բազմաթիւ կինոփառատօների եւ արժանացել ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակի` Երեւանում (Հայաստան) կայացած «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնում, «Գրան-պրի»-ի եւ մի շարք այլ անուանակարգերում մրցանակների` Հոգեւոր ֆիլմերի համահայկական փառատօնում: Էդգար Բաղդասարեանի «Մարիամ» (2005) լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստացել է «Լաւագոյն սցենարի համար» մրցանակ` Ռուսաստանում անցկացուած «21-րդ դարի նոր կինոն» միջազգային կինոփառատօնում:

 

                                                                                               * * *

 

Ռուբէն Գասպարեանը (օպերատոր) Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան եւ ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստների միութիւնների համադաշնութեան անդամ է: 1985-2007 թուականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպէս օպերատոր: Ռուբէն Գասպարեանը բեմադրիչ-օպերատորն է 8 գեղարուեստական ֆիլմերի, որոնց թւում են «Խճճուած զուգահեռները» (2009թ., ռեժիսոր` Յովհաննէս Գալստեան), «Սողանքը» (թողարկման փուլում, ռեժիսոր` Միքայէլ Դովլաթեան), ինչպէս նաեւ մեծ թուով այլ կրթական եւ փաստագրական ֆիլմերի:

 

                                                                                               * * *

 

Արա Թորոսեանը (երաժշտութեան հեղինակ) ջութակահար է, կոմպոզիտոր եւ երաժշտական մշակումների ու գործիքաւորումների հեղինակ: Որպէս կոմպոզիտոր եւ մշակող աշխատում է 1992-ից ի վեր։ 1994-1996 թուականներին Արա Թորոսեանը տեղափոխուել է Ռուսաստան, որտեղ աշխատել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսութիւնում որպէս «Ռոստ» նախագծի երաժշտական խմբագիր: Հայաստան վերադառնալուց յետոյ Արա Թորոսեանը հարիւրաւոր ազդերի եւ գովազդային հոլովակների երաժշտական ձեւաւորում է կատարել հանրային ու մասնաւոր հեռուստաընկերութիւնների եւ ռադիոկայեանների, տեղական ու միջազգային ընկերութիւնների գովազդների համար, մշակել շուրջ երկու հազար երգ: Նա բազմաթիւ թատերական բեմադրութիւնների եւ մի շարք գեղարուեստական ու փաստագրական ֆիլմերի երաժշտութեան հեղինակ է. այդ ֆիլմերից են ռեժիսոր Էդգար Բաղդասարեանի «Սուրբ ծէսերի երկիրը» (2001) եւ «Մարիամը» (2005):

 

                                                                                                * * *

 

Մանուկ Հերգնեանը (պրոդիւսերի օգնական) «Վէմ» ռադիոյի եւ «Վէմ մեդիա արուեստների» նախկին գործադիր տնօրէնն է:
Ներկայումս Մանուկ Հերգնեանը «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերութեան տնօրէնն է եւ «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազօտական կենտրոնի նախագահը: Նրա մասնագիտացման ոլորտներն են ռազմավարութիւնը եւ մրցունակութիւնը: Պրն Հերգնեանը յաճախ հանդէս է գալիս տնտեսական հիմնահարցերի քննարկումներով եւ իր հետազօտական գործունէութեամբ նպաստում է մրցունակութեան հայեցակարգի ուսումնասիրութեանն ու խթանմանը Հայաստանում:   



                                                                                                 * * *

Արթուր Ղարայեանը (օպերատոր) 1995թ.-ից 2005թ. աշխատել է Հանրային հեռուստաընկերութիւնում որպէս օպերատորի օգնական, այնուհետեւ օպերատոր, բեմադրող օպերատոր: Նկարահանել է մի քանի տասնեակ գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներ, ինչպէս նաեւ մօտ մէկ տասնեակ փաստավաւերագրական ֆիլմեր: Դրանցից են՝ «Մարդաբանութիւն» (ռեժիսոր՝ Աշոտ Գեւորգեան), 2001թ., «Երեք գոյն սեւ ու սպիտակի մէջ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2007թ., «Արարատի տապանը» (ռեժիսոր՝ Յարութիւն Ազարեան), 2009թ.: Այժմ աշխատում է մոնտաժման ընթացքում գտնուող «Խաչագողի յիշատակարանը» (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշեան) եւ «Չնչիկ» (ռեժիսոր՝ Արամ Շահբազեան) ֆիլմերի վրայ:

 

                          * * *

Մկրտիչ  Բարոյեանը (օպերատոր) որպէս օպերատոր աշխատում է 1998թ.-ից: Նկարահանել է բազմաթիւ  գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներ, ինչպէս նաեւ մի շարք փաստավաւերագրական ֆիլմեր Armenia Tree Project-ի, WWF Armenia Office-ի, Bars Media-ի and Vem Media Arts-ի համար:
Մկրտիչ Բարոյեանը նաեւ մի շարք խաղարկային գեղարուեստական ֆիլմերի բեմադրող օպերատորն է: Դրանցից են՝ «Միկոշ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2004թ., «Որպէս սկիզբ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2005թ., «Պարանը» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2005թ., «Մեծ խնջոյք» (ռեժիսոր՝ Վահէ Գեւորգեանց), 2009թ., «Օրէնքի դաշտում» (ռեժիսոր՝ Արսէն Աբրահամեան), 2009թ.:

Գլխաւոր  |   Թրեյլեր եւ համառօտ նկարագիր  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի խօսքը  |   Ֆիլմի մասին  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի մասին  |   Լուսանկարներ  |   Արտադրող անձնակազմը  |   Կազմ  |   Մամլոյ էջ  |   Ցուցադրումներ  |   Լուսաբանում  |   Կապ
© Vem Media Arts, 2010. All Rights Reserved.