Ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարեան
Պատմող՝ Էյդան Քուին
Սցենարի հեղինակ եւ պրոդիւսեր՝ Տ. Մեսրոպ քհն. Արամեան
«Արարատից Սիոն»-ը ներկայացնում է հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկութեան պատմութեան մէջ:
Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիօրէն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելութիւններ: Այդպիսին է հայերի հոգեւոր ներկայութիւնը Սուրբ Երկրի ժառանգութեան մէջ: Պատմական վայրիվերումների հոլովոյթում, աներեւակայելի զոհողութիւնների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկայ են Սուրբ Երկրի կեանքում, սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնէութիւնը պաշտօնապէս հաստատուեց այստեղ: Հայ ինքնութեան այս իւրայատուկ դրսեւորումը քրիստոնէութեան պատմութեան ամենախոր վկայութիւններից մէկն է:
Կինոնկարում գործածուած պատմական տուեալների զգալի մասը պահպանուած չէ հայ պատմագրութեան մէջ, եւ մեր ինքնութեան կարեւորագոյն վկայութիւններ ու նշխարներ ցուցադրւում են առաջին անգամ:
Մեր պատմութեան հերոսը հայ ուխտաւորն է, ով անցել է մահուան մեծ հաւանականութիւն ունեցող ճանապարհներով եւ իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: Մենք գնացել ենք ուխտաւորի հետքերով` փորձելով տեսնել ու ապրել այն, ինչ նա: Նկարահանման ընթացքն այնքան դրամատիկ եղաւ, որ մենք վերապրեցինք շատ դժուարութիւններ եւ քիչ մնաց տառացիօրէն դառնայինք «մահը տեսնող»: Ուստի այս ֆիլմը նաեւ մեր պատմութիւնն է եւ իր մէջ ունի ապրումից ծնուած բացայայտումներ:
Թէպէտեւ մենք պատմում ենք հայ ժողովրդի պատմութիւնը, այսուհանդերձ, ֆիլմն աշխարհի այն բոլոր ժողովուրդների մասին է, որոնց ձայնը չի լսուել: Պատմութեան թատերաբեմում մնալու համար նրանք բոլորն էլ յաճախ մեծ գին են վճարել:
Տեսարաններ ֆիլմից...
Բիբլիական Արարատ լեռը
Ֆիլմը սկսւում եւ աւարտւում է բիբլիական Արարատ լեռան տեսարաններով: Բացող տեսարաններում մենք բարձրանում ենք Արարատ, ուր, ըստ Սուրբ Գրքի, մարդկութեանը շնորհուեց նոր կեանքի սկիզբ:
Եզրափակիչ տեսարաններում մենք հասնում ենք Արարատի գագաթը, որտեղ, ճամփորդութեան դժուարութիւնները յաղթահարելուց յետոյ, մենք վերստին յայտնւում ենք Նախասկզբում` երկնայինի գրկում, եւ Ժամանակը կանգ է առնում մեզ համար:
Երուսաղէմ
Մենք մտնում ենք Խաղաղութեան քաղաք, ուր երբեք խաղաղ չի եղել, որի համար բազում պատերազմներ են մղուել: Այստեղ մարդկանց միասնութեան վեհութիւնը համընթաց է նրանց իրարամերժ տարբերութեանը, եւ երկուսն էլ զգացւում են ամենայն սրութեամբ:
Ազգերի եւ կրօնների անհամատեղելի մէկտեղում. այս ամէնը միասին մէկ այլ վայրում կը վերածուէր պայթուցիկ խառնուրդի: Սակայն այստեղ, այս քաղաքում մի աներեւոյթ զօրութիւն, մի անբացատրելի օրհնութիւն պահում է այս ամէնը գոնէ տեսանելի հաւասարակշռութեան եւ ներդաշնակութեան մէջ: Յայտնուելով այստեղ` կարծես թէ կանգնած ես աշխարհի էպիկենտրոնում:
Յարութեան տաճար
Մենք տեղափոխւում ենք Յարութեան տաճար, որ քրիստոնէական ուխտագնացութեան սիրտն է: Այստեղ են ծաւալուել աւետարանական պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները:
Բացւում են Յարութեան տաճարի երկու յատկանշական դէմքերը` աշխարհի տարբեր ծայրերից ուխտաւորներով լցուած ցերեկային պատկերը եւ գիշերային իրականութիւնը, երբ փակւում են դռները եւ տաճարը մնում է մենակ, իր մենութեան սպասաւորներով եւ սակաւաթիւ երջանիկ ուխտաւորներով, որոնց յաջողւում է ներսում մնալու թոյլտւութիւն ստանալ:
Արտաքին աշխարհի լարումների աղմուկը թողնելով դրսում մենք մտնում ենք ոչ մի բանի չնմանուող տաճարի գիշերային լռութեան մէջ:
Լռութիւնից սկսում է բացուել բազմամշակոյթ ծիսական խճանկար` անուշահոտ խնկարկութիւններով, հինաւուրց աղoթքներով եւ հոգեպարար երգերով: Աւանդութիւնները այստեղ պահպանւում են խնամքով, ամէն ինչ կատարւում է այնպէս, ինչպէս կատարուել է դարերով: Ծէսերը կատարւում են լեզուներով, որոնցով այլեւս չեն խօսում, այստեղ ներդաշնակօրէն միահիւսւում են հին յունարէնը, դասական հայերէնը, լատիներէնը` որպէս պատմական յիշողութիւն եւ հազարամեակների ներկայութիւն:
Ցոյց է տրւում Յարութեան տաճարի դռների բացման եւ փակման եզակի արարողակարգը, որը նոյնութեամբ անխափան կատարւում է ութ հարիւր տարի` սկսած Սալահեդինի կողմից Երուսաղէմի գրաւումից:
Հայոց թաղ, Երուսաղէմ
Մենք նախ մտնում ենք Սբ Յակոբ աթոռանիստ, որը Սուրբ Երկրի գլխաւոր սրբավայրերից մէկն է իր նշանաւոր 300 կանթեղներով: Եկեղեցու աւագ խորանի տակ են ամփոփուած Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբոս Տեառնեղբօր մասունքները, իսկ եկեղեցու հիւսիսային կողմում գտնուող հնագոյն մատուռում է ամփոփուած Յակոբոս Զեբեդեանի` առաջին նահատակ առաքեալի գլուխը:
Այնուհետեւ տեղափոխւում ենք սբ Թորոս Եկեղեցի, ուր պահւում են Երուսաղէմի հայկական ձեռագրերի եզակի հաւաքածուն: Ցուցադրւում է ամենանշանաւորներ ձեռագրերից մէկը` 1272 թ. Սիսում Թորոս Ռոսլինի կողմից ծաղկուած Կիլիկիայի Կեռան Թագուհու աւետարանը: Ձեռագրի մանրանկարներից մէկում պատկերուած է արքայական ընտանիքը` Լեւոն Բ թագաւորը, Կեռան թագուհին, նրանց երեք տղաները եւ երկու աղջիկները:
Ապա մտնում ենք Սբց Հրեշտակապետաց վանք` կառուցուած Աննա քահանայապետի տան վայրում: Եկեղեցու հիւսիսային պատի մէջ է գլխաւոր սրբատեղի-մատուռը` Քրիստոսի առաջին բանտը: Այստեղ է կանգնած եղել Քրիստոսն Աննայի առջեւ հարցաքննուելիս:
Վանքի բակում է այն ձիթենին, որից կապել են Յիսուսին հարցաքննութիւնից առաջ:
Ջաֆայից Երուսաղէմ
Մենք անցնում ենք հայ ուխտաւորների ճանապարհով` Ջաֆայից Երուսաղէմ: Ուխտաւորները նաւով հասնում էին Ջաֆա: Ջաֆայում հայերն ունեն յատկապէս ուխտաւորների համար նախատեսուած մի վանք` Սբ Նիկողայոս անունով: Ուխտաւորներն այստեղ գիշերելուց յետոյ ուղեւորուել են Երուսաղէմ: Սբ Նիկողայոսի վանքը նաեւ ծառայել է որպէս Նապոլեոնի հիւանդ զինուորների հիւանդանոց:
Դիւրին չի եղել ուխտաւորի ճանապարհը: Բաւականին մեծ է եղել ճանապարհին մեռնելու հաւանականութիւնը` աւազակային յարձակումներից, հիւանդութիւններից, նաւաբեկութիւններից եւն: Ուխտաւորական գրականության մէջ խորհուրդ է տրւում, որ ուխտաւորը այս կենաց ու մահու ճամփորդութիւնից առաջ կտակ գրի եւ գնայ քահանայի մօտ խոստովանութեան: Հայ ուխտաւորներները իրենց անուանել են մահտեսի, որը ստուգաբանուել է մահը տեսնող եւ տառացիօրէն համահունչ է եղել նրան, ինչ ապրել են ուխտաւորներն այդ վտանգաւոր ճանապարհին:
Այնուհետեւ մենք տեղափոխւուոմ ենք Ռամլէի Սբ Գեւորգ հայկական վանք, որը եղել է հայ ուխտաւորների երկրորդ հանգրուանը Ջաֆայից Երուսաղէմ ճանապարհին:
Ապա գալիս ենք ենք Երուսաղէմի հայոց վանք, ուր հասնելով ուխտաւորները պատրաստւում էին մեղքերի խոստովանութեան եւ ապա մասնակցում եօթ պատարագների` ընդդէմ եօթ մահացու մեղքերի:
Միշտ էլ ուխտաւորների մէջ մեծ թիւ են կազմել աղքատները, որոնք տարիներով տնտեսել են իրենց սուղ միջոցները` դառնալու մահտեսի: Նրանց մի մասը սեփական մահուանը հանդիպել է Երուսաղէմում, եւ նրանց մարմինները ամփոփուել են այս շինութեան մէջ, որը ծառայել է որպէս ընդհանրական գերեզմանը անտէր ուխտաւորների համար:
Եգիպտոս
Մենք տեղափոխւում ենք Սինա լեռան ստորոտում գտնուող հռչակաւոր Սբ Կատարինէի վանքը: Ցուցադրւում է վանքում պահուող 5-6 դդ հնագոյն սրբապատկերների հաւաքածուն, որոնց մէջ է սբ Փրկչի յայտնի հնագոյն սրբապատկերը: Մտնում ենք վանքի հռչակաւոր մատենադարան, ուր պահւում են յունարէն, ղպտերէն, արաբերէն, հայերէն, եբրայերէն, վրացերէն, ասորերէն հազուագիւտ ձեռագրեր:
Այնուհետեւ բարձրանում ենք սբ Սինա լեռան գագաթ, ուր Մովսէսը ստացել է տասնաբանեայ օրէնքը:
Յուդայի անապատ
Մենք տեղափոխւում ենք Յուդայի անապատ եւ ճամփորդում մի քանի նշանաւոր վանքերով: Առաջինը այցելում ենք 5-րդ դարում հիմնուած Սբ Գեւորգ Խոզիբայի վանք է Վադի Քիլդ կոչուած կիրճում: Այնուհետեւ տեղափոխւում ենք պաղեստինեան վանականութեան սիրտը` սբ Սաբասի վանք: Ապա գալիս ենք սբ Եւթիմիոս վանք, որը եղել է 5-րդ դարի վանական կեանքի կենտրոնը:
Սուրբ Լոյսի խորհուրդը
Մենք ականտես ենք սրբազան ծէսերի աշխարհի ամենախիիտ եւ դրամատիկ իրադարձութիւններին: Քրիստոսի գերեզմանից հանուող Յարութեան լոյսի արարողութիւնը այն բաղձալի պահն է, որին կամենում է ականատես լինել ամէն մի ուխտաւոր: Սակայն այդ օրը մուտքը դէպի հին քաղաք սահմանափակ է, եւ քչերին է յաջողւում այդ օրը տաճար մտնել:
Աշխարհի տարբեր ծայրերից հաւաքուած բազմալեզու ամբոխը սրտատրոփ սպասում է Տիրոջ Գերեզմանից հանուող յարութեան լոյսին: Գերեզման են մտնում յոյների պատրիարքը եւ հայ վարդապետը: Նրանք վառում են կանթեղները եւ յարութեան լոյսը բաշխում ուխտաւորներին: Վայրկեանների ընթացքում տաճարը լուսաւորւում է կրակէ լեզուներով եւ երկար սպասման լարումը վերափոխուած է խաղաղութեան եւ հաշտութեան հոգու:
Արտադրող անձնակազմ
Տէր Մեսրոպ քահանայ Արամեանը (սցենարի հեղինակ եւ պրոդիւսեր) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայ է, աստուածաբան, գիտնական եւ թարգմանիչ: Նա հիմնադիրն ու տնօրէնն է «Գանձասար» աստուածաբանական կենտրոնի, որը Հայաստանի առաջատար հետազօտական-հրատարակչական կենտրոններից է եւ իրականացնում է հոգեւոր, մշակութային, պատմական ու կրթական գործունէութիւն: Տէր Մեսրոպը նաեւ հիմնադիրն ու տնօրէնն է Երեւանում գործող «Վէմ» FM ռադիոկայեանի, որը հեռարձակում է հոգեւոր, մշակութային, կրթական հաղորդաշարեր եւ դասական երաժշտութիւն: Տէր Մեսրոպի ջանքերով հիմնադրուել է «Վէմ մեդիա արուեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը թողարկել է հեռուստատեսային հաղորդաշարեր եւ 12 փաստագրական ֆիլմ, որոնք հիմնականում նուիրուած են բնապահպանական խնդիրներին: Մի խումբ ընկերների հետ համատեղ` տ. Մեսրոպ քհն. Արամեանը հիմնել է «Այբ» կրթական հիմնադրամը, որն այսօր Հայաստանի կրթական ոլորտի գլխաւոր դերակատարներից է: Տէր Մեսրոպը հեղինակել է մի քանի գրքեր, բազմաթիւ յօդուածներ, հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներ, կրթական ծրագրեր ու նախագծեր:
Էդգար Բաղդասարեանի (ռեժիսոր) դեբիւտային ֆիլմը` «Խաղերը» (1990), լաւագոյն կարճամետրաժ կինոնկար է ճանաչուել դեբիւտային կինոյի մի շարք փառատօներում, օրինակ` Կլերմոն-ֆերրանում (Ֆրանսիա) եւ Ռիգայում (Լատվիա): Նրա «Սեւ պատեր» (յայտնի է նաեւ «Արտահոսք» անուանումով) լիամետրաժ, սեւ-սպիտակ կինոնկարը (1997) Հայաստանում անցկացուած «Մասնաւոր հայեացք» կինոփառատօնում գլխաւոր մրցանակը` «Գրան-պրի»-ն, կիսեց ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ, ստացաւ ժիւրիի յատուկ մրցանակ Վառնայի (Բուլղարիա) միջազգային կինոփառատօնում, ինչպէս նաեւ` ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ` Կոտբուսի (Գերմանիա) միջազգային կինոփառատօնում: Ռեժիսորի «Սուրբ ծէսերի երկիրը» (2001) լիամետրաժ վաւերագրական ֆիլմը ներկայացուել է բազմաթիւ կինոփառատօների եւ արժանացել ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակի` Երեւանում (Հայաստան) կայացած «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնում, «Գրան-պրի»-ի եւ մի շարք այլ անուանակարգերում մրցանակների` Հոգեւոր ֆիլմերի համահայկական փառատօնում: Էդգար Բաղդասարեանի «Մարիամ» (2005) լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստացել է «Լաւագոյն սցենարի համար» մրցանակ` Ռուսաստանում անցկացուած «21-րդ դարի նոր կինոն» միջազգային կինոփառատօնում:
Ռուբէն Գասպարեանը (օպերատոր) Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան եւ ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստների միութիւնների համադաշնութեան անդամ է: 1985-2007 թուականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպէս օպերատոր: Ռուբէն Գասպարեանը բեմադրիչ-օպերատորն է 8 գեղարուեստական ֆիլմերի, որոնց թւում են «Խճճուած զուգահեռները» (2009թ., ռեժիսոր` Յովհաննէս Գալստեան), «Սողանքը» (թողարկման փուլում, ռեժիսոր` Միքայէլ Դովլաթեան), ինչպէս նաեւ մեծ թուով այլ կրթական եւ փաստագրական ֆիլմերի:
Արա Թորոսեանը (երաժշտութեան հեղինակ) ջութակահար է, կոմպոզիտոր եւ երաժշտական մշակումների ու գործիքաւորումների հեղինակ: Որպէս կոմպոզիտոր եւ մշակող աշխատում է 1992-ից ի վեր։ 1994-1996 թուականներին Արա Թորոսեանը տեղափոխուել է Ռուսաստան, որտեղ աշխատել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսութիւնում որպէս «Ռոստ» նախագծի երաժշտական խմբագիր: Հայաստան վերադառնալուց յետոյ Արա Թորոսեանը հարիւրաւոր ազդերի եւ գովազդային հոլովակների երաժշտական ձեւաւորում է կատարել հանրային ու մասնաւոր հեռուստաընկերութիւնների եւ ռադիոկայեանների, տեղական ու միջազգային ընկերութիւնների գովազդների համար, մշակել շուրջ երկու հազար երգ: Նա բազմաթիւ թատերական բեմադրութիւնների եւ մի շարք գեղարուեստական ու փաստագրական ֆիլմերի երաժշտութեան հեղինակ է. այդ ֆիլմերից են ռեժիսոր Էդգար Բաղդասարեանի «Սուրբ ծէսերի երկիրը» (2001) եւ «Մարիամը» (2005):
Մանուկ Հերգնեանը (պրոդիւսերի օգնական) «Վէմ» ռադիոյի եւ «Վէմ մեդիա արուեստների» նախկին գործադիր տնօրէնն է:
Ներկայումս Մանուկ Հերգնեանը «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերութեան տնօրէնն է եւ «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազօտական կենտրոնի նախագահը: Նրա մասնագիտացման ոլորտներն են ռազմավարութիւնը եւ մրցունակութիւնը: Պրն Հերգնեանը յաճախ հանդէս է գալիս տնտեսական հիմնահարցերի քննարկումներով եւ իր հետազօտական գործունէութեամբ նպաստում է մրցունակութեան հայեցակարգի ուսումնասիրութեանն ու խթանմանը Հայաստանում:
Արթուր Ղարայեանը (օպերատոր) 1995թ.-ից 2005թ. աշխատել է Հանրային հեռուստաընկերութիւնում որպէս օպերատորի օգնական, այնուհետեւ օպերատոր, բեմադրող օպերատոր: Նկարահանել է մի քանի տասնեակ գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներ, ինչպէս նաեւ մօտ մէկ տասնեակ փաստավաւերագրական ֆիլմեր: Դրանցից են՝ «Մարդաբանութիւն» (ռեժիսոր՝ Աշոտ Գեւորգեան), 2001թ., «Երեք գոյն սեւ ու սպիտակի մէջ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2007թ., «Արարատի տապանը» (ռեժիսոր՝ Յարութիւն Ազարեան), 2009թ.: Այժմ աշխատում է մոնտաժման ընթացքում գտնուող «Խաչագողի յիշատակարանը» (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշեան) եւ «Չնչիկ» (ռեժիսոր՝ Արամ Շահբազեան) ֆիլմերի վրայ:
Մկրտիչ Բարոյեանը (օպերատոր) որպէս օպերատոր աշխատում է 1998թ.-ից: Նկարահանել է բազմաթիւ գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներ, ինչպէս նաեւ մի շարք փաստավաւերագրական ֆիլմեր Armenia Tree Project-ի, WWF Armenia Office-ի, Bars Media-ի and Vem Media Arts-ի համար:
Մկրտիչ Բարոյեանը նաեւ մի շարք խաղարկային գեղարուեստական ֆիլմերի բեմադրող օպերատորն է: Դրանցից են՝ «Միկոշ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2004թ., «Որպէս սկիզբ» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2005թ., «Պարանը» (ռեժիսոր՝ Արտակ Սեւադա), 2005թ., «Մեծ խնջոյք» (ռեժիսոր՝ Վահէ Գեւորգեանց), 2009թ., «Օրէնքի դաշտում» (ռեժիսոր՝ Արսէն Աբրահամեան), 2009թ.:
Խորհրդատուներ
Դր Աբրահամ Տէրեանը (խորհրդատու) հայ հայրաբանութեան պրոֆեսոր է, Նիւ Եորքի (Նիւ Ռոշել) Սբ Ներսէս ընծայարանի դեկան եւ նոյն ընծայարանի աստուածաբանական հանդէսի խմբագիր։ Շուրջ քսան տարի եղել է միջկտակարանային եւ վաղ քրիստոնէական գրականութիւնների պրոֆեսոր Էնդրիւզի համալսարանում եւ չորս տարի՝ գրաբարի եւ հելլենիստական յուդայականութեան դասախօս Չիկագոյի համալսարանում (1984-7)։ 2005-ին նրան շնորհուել է «Հումանիտար առարկաների գծով Ֆուլբրայթի ակնառու պրոֆեսորի» առաջին պարգեւը։ Դր Տէրեանը հեղինակ է պատմական, փիլիսոփայական, բանասիրական ու գրական հանդէսներում տպագրուած բազմաթիւ յօդուածների եւ մի շարք մենագրութիւնների՝ մեծ նպաստ բերելով հելլենիզմի, յուդայականութեան ուսումնասիրութեանն ու հայագիտութեանը։
Դր Ռոբերտա Ռ. Էրվինը (խորհրդատու) հայագիտութեան պրոֆեսոր է եւ տարբեր մակարդակների կրթական ոլորտներում բազմափորձ դասախօս։ 1995-2001 թթ. Երուսաղէմի Եբրայական համալսարանում դասաւանդել է հայագիտութեանն առնչուող մի շարք առարկաներ եւ մշակել աւարտական եւ նախաւարտական դասընթացների ծրագրեր։ Հեղինակ է մի քանի մենագրութիւնների եւ բազմաթիւ յօդուածների։
Մայքլ Ի. Ստոունը (խորհրդատու) հայագիտութեան, ինչպէս նաեւ կրօնագիտութեան Գեյլ Լեւին դե Նուրի պրոֆեսոր է Երուսաղէմի Եբրայական համալսարանում։ Բացի գիտական հանդէսներում տպագրուած աւելի քան 250 յօդուածներից, հեղինակել է մի շարք գրքեր ու մենագրութիւններ, որոնց թւում են՝ «Երուսաղէմի հայոց պատրիարքարանի ձեռագրատունը», «Պարականոն հատակոտորներ Քումրանից եւ Եկեղեցու հայրերից» եւ այլն։
Գեւորգ Հինթլեանը (խորհրդատու) պատմաբան է, որ մասնագիտացած է Երուսաղէմի 19-րդ դարի պատմութեան մէջ։ Յաճախ կազմակերպում է Սուրբ Երկրի քրիստոնէական ժառանգութեանը նուիրուած գիտաժողովներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, որոնց թւում են՝ «Սուրբ Երկրի քրիստոնէական ժառանգութիւնը», «Սուրբ Երկրում հայերի պատմութիւնը», ինչպէս նաեւ նոյն թեմային առնչուող բազմաթիւ յօդուածների։
Ջոնաթան Քրիստոֆեր Քլիըրին (սցենարի խմբագիր եւ խորհրդատու) Հարվարդի համալսարանից ստացել է ազգագրութեան եւ առասպելաբանութեան բակալաւրի եւ արեւելաասիական լեզուների եւ քաղաքակրթութիւնների դոկտորի գիտական կոչումները։ Երկար տարիներ նախակրթարանում, այնուհետեւ քոլեջում ուսուցանելուց յետոյ աշխատել է համակարգչային ծրագրերի արտադրութեան ոլորտում, ուր այժմ արտադրական գործընթացի վերլուծաբան է եւ համակարգչային ինտերֆեյսի ձեւաւորող։ Տարիների ընթացքում նաեւ թարգմանութիւններ է կատարել Չինաստանի, Կորէայի եւ Վիետնամի բուդդիստական գրականութիւնից։ Բաց չի թողնում առիթը աշխարհի տարբեր ծայրերից ընկերներ ձեռք բերելու, ինչպէս նաեւ զանազան մշակոյթների ներկայացուցիչների հետ գաղափարներ փոխանակելու եւ զգացումներ կիսելու։