From Ararat to Zion - Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի խօսքը
English Հայերեն
Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի խօսքը

«Արարատից Սիոն» ֆիլմի ստեղծման գաղափարը ծնուել է 4 տարի առաջ: Ինձ միշտ զարմացրել են Սուրբ Երկրում հայերի արտասովոր ներկայութեան եւ աշխարհում դրա չիմացութեան ծաւալները: Մօտ մէկ տարի տեւած ուսումնասիրական աշխատանքների արդիւնքում ես է´լ առաւել համոզուեցի, որ գործ ունեմ շատ հզօր պատմութեան հետ, որը պէտք է պատմուի աշխարհին: Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիօրէն մեծ, իրենց սահմաններից դուրս առաքելութիւններ եւ համամարդկային սպասաւորութիւններ: Ապշեցուցիչ է այն փաստացի հանգամանքը, որ պատմական վայրիվերումների հոլովոյթում, ամենատարբեր տիրապետութիւնների ներքոյ, աներեւակայելի դժուարութիւնների ու մաքառումերի գնով, հայերը եղել են Սուրբ Երկրի միակ փոքրամասնութիւնը, որ սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնէութիւնը պաշտօնապէս հաստատուեց այստեղ՝ առանց ընդհատումների մնացել են կառչած այս սրբավայրերին` դրա մէջ կոչում տեսնելով:

Յատկապէս ուշադրութիւն եմ դարձրել այն փաստերին, որոնք պահպանուած չեն հայ պատմագրութեան մէջ: Դրանք շատ առատ են եւ ինձ համար դարձան սեփական ինքնութեան նոր շերտերի բացայայտման աղբիւր: Այսօր առկայ դաւանական, մշակութային, քաղաքական բաժանարար գծերի պայմաններում փորձել եմ տեսնել, թէ ինչն է միաւորում մարդկանց եւ որեւէ կրօնական կամ ազգային առանձնայատկութիւն չեմ անջատել համամարդկային ենթատեքստից:

Ուխտաւորը մեր պատմութեան հերոսն է: Մենք հետեւել ենք ուխտաւորների հետքերին, որոնք անցել են մահուան մեծ հաւանականութիւն ունեցող ճանապարհներով եւ իրենց կոչել են «մահը տեսնողներ»: Մենք փորձել ենք սրբավայրերին մօտենալ ոչ թէ որպէս նկարահանողներ, այլ որպէս ուխտաւորներ, փորձել ենք տեսնել եւ ապրել այն, ինչ ապրել են ուխտաւորները: Նկարահանման ընթացքն այնպէս դրամատիկ եղաւ, որ մենք վերապրեցինք շատ դժուարութիւններ եւ քիչ մնաց տառացիօրէն դառնայինք «մահը տեսնողներ»: Ուստի այս ֆիլմը նաեւ մեր պատմութիւնն է եւ իր մէջ ունի ապրուած տարբեր երանգներ:
Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարեանը հոյակապ աշխատանք կատարեց եւ կարողացաւ ցոյց տալ այն, ինչը յաճախ անորսալի է արտաքին հայեացքից եւ մնում է միստիկ եւ ապրումային մակարդակի վրայ: Լիզա Ջերարդի եւ Արա Թորոսեանի երաժշտութիւնը իւրայատուկ շունչ եւ դինամիզմ հաղորդեց պատմութեանը: Իսկ Էյդան Քուինի հրաշալի ընթերցումը դարձաւ պատմութեան իսկական ձայնը՝ միահիւսելով պատկերն ու երաժշտութիւնը:

Ֆիլմի նկարահանման համար այցելել ենք 3 անգամ Իսրայէլ, մէկ անգամ՝ Եգիպտոս, մէկ անգամ՝ Թուրքիայի Հանրապետութիւն: Ֆիլմի ստեղծմանը նիւթապէս աջակցել են բազմաթիւ բարերարներ եւ հիմնադրամներ, որոնց յայտնում եմ իմ խորին երախտագիտութիւնը:
Թէպէտ մենք պատմում ենք որոշակի ժողովրդի պատմութիւն, այսուհանդերձ, ֆիլմը աշխարհի այն բոլոր ժողովուրդների մասին է, որոնց ձայնը չի լսուել: Պատմութեան թատերաբեմում մնալու համար նրանք բոլորն էլ յաճախ մեծ գին են վճարել:

Գլխաւոր  |   Թրեյլեր եւ համառօտ նկարագիր  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի խօսքը  |   Ֆիլմի մասին  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի մասին  |   Լուսանկարներ  |   Արտադրող անձնակազմը  |   Կազմ  |   Մամլոյ էջ  |   Ցուցադրումներ  |   Լուսաբանում  |   Կապ
© Vem Media Arts, 2010. All Rights Reserved.