English Հայերեն
Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի մասին


Ես առաջին անգամ եմ անմիջական մասնակիցը դառնում ֆիլմարտադրութեան ստեղծագործական գործընթացի, թէպէտեւ տարիներ շարունակ ղեկավարում եմ վաւերագրական ֆիլմեր արտադրող «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիան: Այս փորձառութիւնը մի տեսակ բիւրեղացումն է աստուածաբանութեան, փիլիսոփայութեան, պատմութեան ոլորտներում իմ տեսական պրպտումների եւ մարդկային կեանքի բարեփոխմանն ու լուսաւորմանը ուղղուած իմ գործնական փորձառութեան:


Սկսեմ նրանից, որ ես հոգեւորական եմ եւ այդ կէտին հասել եմ երկարատեւ թափառումներից յետոյ` ճշգրիտ գիտութիւնների, հումանիտար ոլորտներում եւ տարբեր կրօնական ուսմունքներում:

1990 թ. աւարտելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը տեսաբան ֆիզիկոս եւ ինժեներ մասնագիտութեամբ՝ ընտանիքով տեղափոխուել եմ Հայաստան:


1991 թ. աւարտելով Հայ Առաքելական Եկեղեցու աստուածաբանական ճեմարանի յատուկ դասընթացը` ձեռնադրուել եմ քահանայ:


Իմ պրոֆեսիոնալ գործունէութիւնը սկսուել է ճեմարանում սովորելու տարիներից; 1991թ. հիմնել եւ ցայսօր ղեկավարում եմ (որպէս տնօրէն եւ գլխաւոր խմբագիր) «Գանձասար» աստուածաբանական կենտրոնը, որը Հայաստանի կարեւոր ուսումնասիրական եւ հրատարակչական հաստատութիւններից է հոգեւոր, մշակութային, պատմական, ազգագրական, կրթական ոլորտներում: Տարիների ընթացքում կատարել եմ բազմաթիւ ուսումնասիրութիւններ եւ թարգմանութիւններ հայ հոգեւոր ժառանգութեան ոլորտում: Միաժամանակ կուտակել եմ հարուստ փորձ` խմբագրելով մեծ թուով յօդուածներ, քննական բնագրեր եւ թարգմանութիւններ: 


2002 թ. հիմնել եւ ցայսօր ղեկավարում եմ (որպէս տնօրէն եւ գլխաւոր խմբագիր)  «Վէմ» ռադիոկայեանը, որն այժմ Հայաստանի եւ աշխարհով մէկ սփռուած հայկական սփիւռքի կենսական ձայներից է: «Վէմ»-ը հեռարձակում է դասական երաժշտութիւն եւ հոգեւոր, մշակութային, կրթական բազմաթիւ հաղորդումներ:

2004 թ. հիմնել եմ «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիան` ռադիոկայեանի  ֆիլմարտադրութեան թեւը: Ցայսօր ստուդիան թողարկել է մի շարք հեռուստատեսային հաղորդաշարեր եւ 12 վաւերագրական ֆիլմ: Ֆիլմերը հիմնականում նուիրուած են բնապահպանական խնդիրներին:

2006 թ. մի շարք ընկերների հետ հիմնել եմ «Այբ» կրթական հիմնադրամը, որն այսօր Հայաստանում կրթութեան ոլորտի առաջատար դերակատարներից է: «Այբ»-ը մասնաւորաբար զբաղւում է կրթական նորագոյն տեխնոլոգիաների ուսումնասիրութեամբ եւ դպրոցական համակարգում դրանց ներդրմամբ: Այս աշխատանքները ղեկավարում եմ անձամբ:

Թէպէտ ներքաշուած եմ բազմաթիւ ղեկավար աշխատանքներում, այսուհանդերձ իմ կեանքը ստեղծագործական առումով բաւականին բեղուն է. հեղինակ եմ բազմաթիւ գրքերի, յօդուածների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների եւ կրթական ծրագրերի:


Եթէ ինձ բնութագրելու լինէի, ինձ կ’անուանէի «թարգմանիչ»: Թարգմանութիւնը մեքենայական վերարտադրութիւն չէ, այլ անյայտը յայտածելը: Թարգմանիչն օգնում է մարդկանց գտնելու փնտրածը, արտայայտելու ծածուկը, տեսնելու այն, ինչ վրիպում է հայեացքից, լսելու այն, ինչ խլանոմ է աղմուկի մէջ: Հոգեւոր աշխարհընկալումը, ռացիոնալ մտածելակերպը, կատարեալը փնտրելու ծարաւը եւ գրաւոր ու բանաւոր խօսքի փորձառութիւնը, իրար հետ ընդխառնուելով, մարդկանց համար որոշ իրողութիւններ թարգմանելու հնարաւորութիւն են ընձեռում: Ես կարծում եմ, որ իւրաքանչիւր ֆիլմ ինքնին որոշակի պատմութեան թարգմանութիւն է: Իսկ թարգմանութիւնը կատարեալ է, երբ այն անանձնական է եւ չես զգում, որ գործ ունես թարգմանութեան հետ: Այս ֆիլմով ես փորձել եմ թարգմանել մի հնագոյն քաղաքակրթութիւն ներկայիս աշխարհի համար եւ անցեալը փոխադրել ներկայի մէջ:

Գլխաւոր  |   Թրեյլեր եւ համառօտ նկարագիր  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի խօսքը  |   Ֆիլմի մասին  |   Սցենարի հեղինակի եւ պրոդիւսերի մասին  |   Լուսանկարներ  |   Արտադրող անձնակազմը  |   Կազմ  |   Մամլոյ էջ  |   Ցուցադրումներ  |   Լուսաբանում  |   Կապ
© Vem Media Arts, 2010. All Rights Reserved.