Դէպի Սուրբ Երկիր քրիստոնեաների ուխտաւորութեան գունագեղ խճանկարը ստեղծուել է շուրջ երկու հազար տարիների ընթացքում։
Վաւերագրական ֆիլմը ստեղծողները ներկայացնում են այս պատմութիւնների մի շարք կարեւոր էջեր` բացայայտելով սեփական ինքնութեան թանկարժէք ասպեկտներ։ Նրանք անցնում են հայ ուխտաւորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակէտերի միջեւ՝ Արարատից Սիոն՝ այբից քէ։
Ֆիլմը կերտողների համար այս ֆիլմի ստեղծման ընթացքը դարձաւ ուխտագնացութիւն, որը նրանք կը յիշեն իրենց ողջ կեանքում։ Նրանք անձնապէս ենթարկուեցին վտանգների, որոնց միջով շատ ժամանակներ առաջ անցել էին հայ ուխտաւորները, որ իրենց կոչում էին «մահտեսի»՝ «մահը տեսնող»։
Վաւերագրական այս ֆիլմը բացայայտում է ուխտագնացութեան այն ոգին, որ դարեր շարունակ սնել ու պահպանել է Սուրբ Երկրի սրբութիւններն ու վանքերը։ Անչափ զոհողութիւնների եւ մեծ մաքառումների գնով ուխտաւորները հասել են Սուրբ Տեղերին՝ Աստուծոյ երկրային ներկայութեանը հաղորդակից դառնալու։
Ֆիլմը դիտողը Սուրբ Տեղերը տեսնում է ուխտաւորի աչքերով։ Եւ չնայած նրան, որ դրանք արդէն շատ են ցուցադրուել՝ ներկայ ֆիլմում այդ յատուկ վայրերը նորովի են ներկայանում՝ բացայայտելով իրենց տարաշխարհիկ էութիւնը եւ կենսափոփոխ զօրութիւնը։
Ֆիլմը ցուցադրում է այնպիսի ապշեցուցիչ տեսարաններ, ինչպիսին են սուրբ Գերեզմանը գիշերով, Երուսաղէմում Զատկի տօնակատարութեան գունագեղ պատկերներն ու Սուրբ Լոյսի արարողութիւնը, Սինա լեռը Եգիպտոսում, Յուդայի անապատի վանքերը, Արարատ լեռան գագաթը։
Ֆիլմն այնպէս է հիւսուած, որ ամէն պահի մեծ ազդեցութիւն է թողնում դիտողի վրայ՝ շնորհիւ Էյդան Քուինի բացառիկ ընթերցման, Լիզա Ջերարդի գեղեցիկ երաժշտութեան, տպաւորիչ նկարահանումների եւ անձնական հարուստ ապրումների։