«Արարատից Սիոն»-ը ներկայացնում է հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկութեան պատմութեան մէջ:
Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիօրէն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելութիւններ: Այդպիսին է հայերի հոգեւոր ներկայութիւնը Սուրբ Երկրի ժառանգութեան մէջ: Պատմական վայրիվերումների հոլովոյթում, աներեւակայելի զոհողութիւնների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկայ են Սուրբ Երկրի կեանքում, սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնէութիւնը պաշտօնապէս հաստատուեց այստեղ: Հայ ինքնութեան այս իւրայատուկ դրսեւորումը քրիստոնէութեան պատմութեան ամենախոր վկայութիւններից մէկն է:
Կինոնկարում գործածուած պատմական տուեալների զգալի մասը պահպանուած չէ հայ պատմագրութեան մէջ, եւ մեր ինքնութեան կարեւորագոյն վկայութիւններ ու նշխարներ ցուցադրւում են առաջին անգամ:
Մեր պատմութեան հերոսը հայ ուխտաւորն է, ով անցել է մահուան մեծ հաւանականութիւն ունեցող ճանապարհներով եւ իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: Մենք գնացել ենք ուխտաւորի հետքերով` փորձելով տեսնել ու ապրել այն, ինչ նա: Նկարահանման ընթացքն այնքան դրամատիկ եղաւ, որ մենք վերապրեցինք շատ դժուարութիւններ եւ քիչ մնաց տառացիօրէն դառնայինք «մահը տեսնող»: Ուստի այս ֆիլմը նաեւ մեր պատմութիւնն է եւ իր մէջ ունի ապրումից ծնուած բացայայտումներ:
Թէպէտեւ մենք պատմում ենք հայ ժողովրդի պատմութիւնը, այսուհանդերձ, ֆիլմն աշխարհի այն բոլոր ժողովուրդների մասին է, որոնց ձայնը չի լսուել: Պատմութեան թատերաբեմում մնալու համար նրանք բոլորն էլ յաճախ մեծ գին են վճարել:
Տեսարաններ ֆիլմից...
Բիբլիական Արարատ լեռը
Ֆիլմը սկսւում եւ աւարտւում է բիբլիական Արարատ լեռան տեսարաններով: Բացող տեսարաններում մենք բարձրանում ենք Արարատ, ուր, ըստ Սուրբ Գրքի, մարդկութեանը շնորհուեց նոր կեանքի սկիզբ:
Եզրափակիչ տեսարաններում մենք հասնում ենք Արարատի գագաթը, որտեղ, ճամփորդութեան դժուարութիւնները յաղթահարելուց յետոյ, մենք վերստին յայտնւում ենք Նախասկզբում` երկնայինի գրկում, եւ Ժամանակը կանգ է առնում մեզ համար:
Երուսաղէմ
Մենք մտնում ենք Խաղաղութեան քաղաք, ուր երբեք խաղաղ չի եղել, որի համար բազում պատերազմներ են մղուել: Այստեղ մարդկանց միասնութեան վեհութիւնը համընթաց է նրանց իրարամերժ տարբերութեանը, եւ երկուսն էլ զգացւում են ամենայն սրութեամբ:
Ազգերի եւ կրօնների անհամատեղելի մէկտեղում. այս ամէնը միասին մէկ այլ վայրում կը վերածուէր պայթուցիկ խառնուրդի: Սակայն այստեղ, այս քաղաքում մի աներեւոյթ զօրութիւն, մի անբացատրելի օրհնութիւն պահում է այս ամէնը գոնէ տեսանելի հաւասարակշռութեան եւ ներդաշնակութեան մէջ: Յայտնուելով այստեղ` կարծես թէ կանգնած ես աշխարհի էպիկենտրոնում:
Յարութեան տաճար
Մենք տեղափոխւում ենք Յարութեան տաճար, որ քրիստոնէական ուխտագնացութեան սիրտն է: Այստեղ են ծաւալուել աւետարանական պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները:
Բացւում են Յարութեան տաճարի երկու յատկանշական դէմքերը` աշխարհի տարբեր ծայրերից ուխտաւորներով լցուած ցերեկային պատկերը եւ գիշերային իրականութիւնը, երբ փակւում են դռները եւ տաճարը մնում է մենակ, իր մենութեան սպասաւորներով եւ սակաւաթիւ երջանիկ ուխտաւորներով, որոնց յաջողւում է ներսում մնալու թոյլտւութիւն ստանալ:
Արտաքին աշխարհի լարումների աղմուկը թողնելով դրսում մենք մտնում ենք ոչ մի բանի չնմանուող տաճարի գիշերային լռութեան մէջ:
Լռութիւնից սկսում է բացուել բազմամշակոյթ ծիսական խճանկար` անուշահոտ խնկարկութիւններով, հինաւուրց աղoթքներով եւ հոգեպարար երգերով: Աւանդութիւնները այստեղ պահպանւում են խնամքով, ամէն ինչ կատարւում է այնպէս, ինչպէս կատարուել է դարերով: Ծէսերը կատարւում են լեզուներով, որոնցով այլեւս չեն խօսում, այստեղ ներդաշնակօրէն միահիւսւում են հին յունարէնը, դասական հայերէնը, լատիներէնը` որպէս պատմական յիշողութիւն եւ հազարամեակների ներկայութիւն:
Ցոյց է տրւում Յարութեան տաճարի դռների բացման եւ փակման եզակի արարողակարգը, որը նոյնութեամբ անխափան կատարւում է ութ հարիւր տարի` սկսած Սալահեդինի կողմից Երուսաղէմի գրաւումից:
Հայոց թաղ, Երուսաղէմ
Մենք նախ մտնում ենք Սբ Յակոբ աթոռանիստ, որը Սուրբ Երկրի գլխաւոր սրբավայրերից մէկն է իր նշանաւոր 300 կանթեղներով: Եկեղեցու աւագ խորանի տակ են ամփոփուած Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբոս Տեառնեղբօր մասունքները, իսկ եկեղեցու հիւսիսային կողմում գտնուող հնագոյն մատուռում է ամփոփուած Յակոբոս Զեբեդեանի` առաջին նահատակ առաքեալի գլուխը:
Այնուհետեւ տեղափոխւում ենք սբ Թորոս Եկեղեցի, ուր պահւում են Երուսաղէմի հայկական ձեռագրերի եզակի հաւաքածուն: Ցուցադրւում է ամենանշանաւորներ ձեռագրերից մէկը` 1272 թ. Սիսում Թորոս Ռոսլինի կողմից ծաղկուած Կիլիկիայի Կեռան Թագուհու աւետարանը: Ձեռագրի մանրանկարներից մէկում պատկերուած է արքայական ընտանիքը` Լեւոն Բ թագաւորը, Կեռան թագուհին, նրանց երեք տղաները եւ երկու աղջիկները:
Ապա մտնում ենք Սբց Հրեշտակապետաց վանք` կառուցուած Աննա քահանայապետի տան վայրում: Եկեղեցու հիւսիսային պատի մէջ է գլխաւոր սրբատեղի-մատուռը` Քրիստոսի առաջին բանտը: Այստեղ է կանգնած եղել Քրիստոսն Աննայի առջեւ հարցաքննուելիս:
Վանքի բակում է այն ձիթենին, որից կապել են Յիսուսին հարցաքննութիւնից առաջ:
Ջաֆայից Երուսաղէմ
Մենք անցնում ենք հայ ուխտաւորների ճանապարհով` Ջաֆայից Երուսաղէմ: Ուխտաւորները նաւով հասնում էին Ջաֆա: Ջաֆայում հայերն ունեն յատկապէս ուխտաւորների համար նախատեսուած մի վանք` Սբ Նիկողայոս անունով: Ուխտաւորներն այստեղ գիշերելուց յետոյ ուղեւորուել են Երուսաղէմ: Սբ Նիկողայոսի վանքը նաեւ ծառայել է որպէս Նապոլեոնի հիւանդ զինուորների հիւանդանոց:
Դիւրին չի եղել ուխտաւորի ճանապարհը: Բաւականին մեծ է եղել ճանապարհին մեռնելու հաւանականութիւնը` աւազակային յարձակումներից, հիւանդութիւններից, նաւաբեկութիւններից եւն: Ուխտաւորական գրականության մէջ խորհուրդ է տրւում, որ ուխտաւորը այս կենաց ու մահու ճամփորդութիւնից առաջ կտակ գրի եւ գնայ քահանայի մօտ խոստովանութեան: Հայ ուխտաւորներները իրենց անուանել են մահտեսի, որը ստուգաբանուել է մահը տեսնող եւ տառացիօրէն համահունչ է եղել նրան, ինչ ապրել են ուխտաւորներն այդ վտանգաւոր ճանապարհին:
Այնուհետեւ մենք տեղափոխւուոմ ենք Ռամլէի Սբ Գեւորգ հայկական վանք, որը եղել է հայ ուխտաւորների երկրորդ հանգրուանը Ջաֆայից Երուսաղէմ ճանապարհին:
Ապա գալիս ենք ենք Երուսաղէմի հայոց վանք, ուր հասնելով ուխտաւորները պատրաստւում էին մեղքերի խոստովանութեան եւ ապա մասնակցում եօթ պատարագների` ընդդէմ եօթ մահացու մեղքերի:
Միշտ էլ ուխտաւորների մէջ մեծ թիւ են կազմել աղքատները, որոնք տարիներով տնտեսել են իրենց սուղ միջոցները` դառնալու մահտեսի: Նրանց մի մասը սեփական մահուանը հանդիպել է Երուսաղէմում, եւ նրանց մարմինները ամփոփուել են այս շինութեան մէջ, որը ծառայել է որպէս ընդհանրական գերեզմանը անտէր ուխտաւորների համար:
Եգիպտոս
Մենք տեղափոխւում ենք Սինա լեռան ստորոտում գտնուող հռչակաւոր Սբ Կատարինէի վանքը: Ցուցադրւում է վանքում պահուող 5-6 դդ հնագոյն սրբապատկերների հաւաքածուն, որոնց մէջ է սբ Փրկչի յայտնի հնագոյն սրբապատկերը: Մտնում ենք վանքի հռչակաւոր մատենադարան, ուր պահւում են յունարէն, ղպտերէն, արաբերէն, հայերէն, եբրայերէն, վրացերէն, ասորերէն հազուագիւտ ձեռագրեր:
Այնուհետեւ բարձրանում ենք սբ Սինա լեռան գագաթ, ուր Մովսէսը ստացել է տասնաբանեայ օրէնքը:
Յուդայի անապատ
Մենք տեղափոխւում ենք Յուդայի անապատ եւ ճամփորդում մի քանի նշանաւոր վանքերով: Առաջինը այցելում ենք 5-րդ դարում հիմնուած Սբ Գեւորգ Խոզիբայի վանք է Վադի Քիլդ կոչուած կիրճում: Այնուհետեւ տեղափոխւում ենք պաղեստինեան վանականութեան սիրտը` սբ Սաբասի վանք: Ապա գալիս ենք սբ Եւթիմիոս վանք, որը եղել է 5-րդ դարի վանական կեանքի կենտրոնը:
Սուրբ Լոյսի խորհուրդը
Մենք ականտես ենք սրբազան ծէսերի աշխարհի ամենախիիտ եւ դրամատիկ իրադարձութիւններին: Քրիստոսի գերեզմանից հանուող Յարութեան լոյսի արարողութիւնը այն բաղձալի պահն է, որին կամենում է ականատես լինել ամէն մի ուխտաւոր: Սակայն այդ օրը մուտքը դէպի հին քաղաք սահմանափակ է, եւ քչերին է յաջողւում այդ օրը տաճար մտնել:
Աշխարհի տարբեր ծայրերից հաւաքուած բազմալեզու ամբոխը սրտատրոփ սպասում է Տիրոջ Գերեզմանից հանուող յարութեան լոյսին: Գերեզման են մտնում յոյների պատրիարքը եւ հայ վարդապետը: Նրանք վառում են կանթեղները եւ յարութեան լոյսը բաշխում ուխտաւորներին: Վայրկեանների ընթացքում տաճարը լուսաւորւում է կրակէ լեզուներով եւ երկար սպասման լարումը վերափոխուած է խաղաղութեան եւ հաշտութեան հոգու: